Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Հայ դասական երաժշտության հիմնադիր, երաժշտա-հասարակական գործիչ, մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի /1871-1928/ տուն-թանգարանը հիմնադրվել է 1963 թվականին, այն տանը որտեղ կոմպոզիտորը ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967 թ-ի նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը իր դռները բացել է այցելուների առջև: Սա Հայաստանում առաջին երաժշտական թանգարանն էր, հավաքածուն կազմում է 1317 թանգարանային առարկա: Թանգարանում ներկայացված են կոմպոզիտորի անձնական իրերը, նոտաներ, այդ թվում` «Ալմաստ» օպերայի, «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ ստեղծագործության և այլ ստեղծագործությունների ձեռագրերը: Այստեղ են պահվում վավերագրեր ու նամակներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին, ներկայացնում նրա փոխհարաբերությունները մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են ռուս մեծ կոմպոզիտորներ Ն. Ռիմսկի-Կորսակովը (Սպենդիարյանի ուսուցիչ), Արենսկին, Գլազունովը, ռուս գրողներ Գորկին ու Չեխովը, հայ գրողներ Հովհ. Թումանյանն ու Ալ. Ծատուրյանը, կոմպոզիտորներ Ն. Տիգրանյանն ու Ռ. Մելիքյանը և այլոք:

Տուն-թանգարանի մշտական ցուցադրության մեջ տեղ են գտել յուրօրինակ այնպիսի թանգարանային առարկաներ, ինչպիսիք են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչված երաժշտական գործիքը և «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության /1933 թ./ միակ պահպանված ազդագիրը: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես կոմպոզիտորի կենդանության օրոք, որը աչքի է ընկնում համեստ կահավորմամբ:

Մուտքի տոմսի արժեքը 300 դրամ է:

Աշխատաժամանակը՝ Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00 - 16.30, կիրակի` 11.00 - 15.30:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել