ՀԱՅԷԼԵԿՏՐԱՄԵՔԵՆԱ

Հայաստանում էլեկտրամեքենաշինական արդյունաբերության հիմքը դրվել է 1946 թվականին, երբ թիվ 447 պետական միութենական ինքնաթիռաշինական գործարանը, որը 1942-ին շահագործման հանձնելուց հետո, արտադրում էր ինքնաթիռներ, ինքնաթիռների պահեստամասեր, ինչպես նաև կատարում էր ռազմական ինքնաթիռների վերանորոգում, վերամասնագիտացվեց գեներատորների և ուժային տրանսֆորմատորների արտադրության մեջ։ 1954 թվականին գործարանը վերանվանվեց Երևանի էլեկտրամեքենաշինական գործարան՝ «Հայէլեկտրագործարան»: Արտադրանքի տեսականու ընդլայնման ասպարեզում վճռական էր 1964 թվականը, երբ սկսվեց կենցաղային սառնարանների արտադրության կազմակերպումը, տրանսֆորմատորների և խոշոր էլեկտրական մեքենաների արտադրությունների վերատեղաբաշխումը:

Իր զարգացման գագաթնակետին «Հայէլեկտրագործարանը» հասավ 1973-ին, երբ ԿԷՀԳԻ-ի, Լենինականի կոմպրեսորների գործարանի, Երևանի փոշեմետալուրգիայի գործարանի և Վայքի մասնաճյուղի հետ միանալով ստեղծվեց «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորումը ավելի քան 14000 աշխատողով:

Ընդլայնելով տեսականին և ավելացնելով արտադրանքի ծավալները, «Հայէլեկտրամեքենա»-ն դարձավ նախկին Սովետական Միության էլեկտրամեքենաշինության խոշորագույն արտադրական միավորումներից մեկը և երկար տարիների ընթացքում հանդիսանում էր մինչև 100 կՎտ հզորության գեներատորների և 2-րդ տրամաչափի ուժային տրանսֆորմատորների գլխամասային մշակողը և արտադրողը:

1994 թ․ ձեռնարկությունը վերակազմավորվեց «Հայէլեկտրամեքենա» փակ, այնուհետ՝ բաց բաժնետիրական ընկերության, որը ներկայումս ամբողջովին սեփականաշնորհված է:

«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ն ընդհանուր տարածքը կազմում է 340000 քառ. մ․, որից 173000 քառ. մ․ զբաղեցնում են արտադրական մասնաշենքերը և ծածկ ունեցող շինությունները:

Չնայած անցած տարիների դժվարություններին, կապված հանրապետությունում տնտեսական և պետական վերափոխումների հետ, պահպանվել են արտադրական հզորությունները, իսկ արտադրանքի տեսականին լրացվել է նորերով:

«Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ հիմնական արտադրատեսակներն են՝

  • Մինչև 200 կՎտ հզորության սինքրոն գեներատորներ
  • 25 1000 կՎԱ հզորության տրանսֆորմատորներ և տրանսֆորմա­տորային ենթակայաններ
  • Խոշոր էլեկտրական մեքենաներ (ԴԱԶՈ տիպի ասինքրոն էլեկտրաշարժիչներ, ՍԳՍ տիպի սինքրոն գեներատորներ և այլն)
  • Ստացիոնար և շարժական էլեկտրոագրեգատներ (8100 կՎտ հզորության)
  • Հատուկ թողարկվող արտադրանքներ (ՍԱԷՍ տիպի ավտոնոմ էլեկտրամատա­կա­րա­րման համակարգեր և այլն):






Կարծիքներ

Կարծիք գրառել