Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

Հայոց Ցեղասպանության թանգարանը բացեց իր դռները 1995 թ., երբ նշվում էր Հայոց Ցեղասպանության 80-րդ տարելիցը: Թանգարանի կառույցը (ճարտարապետներ` Ս. Քալաշյան, Ա. Թարխանյան, քանդակագործ` Ֆ. Առաքելյան) բացառիկ նախագիծ ունի:

Ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում թանգարանն բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից:

Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով:

Հայաստանի Հանրապետություն ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան նախատեսված է պետական արարողակարգով, ուստի բազմաթիվ օտարերկյա պատվիրակություններ արդեն իսկ այցելել են թանգարան: Նրանց թվում թանգարան են այցելել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժ. Շիրակը, այլ հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ:

Թանգարանի երկհարկանի շենքը կառուցված է բարձունքի մի կողմում` չնսեմացնելու համար Հուշահամալիրի խիստ ազդեցիկ տպավորությունը: Թանգարանի տանիքը հարթ է` երեսպատված բետոնե սալիկներով: Այստեղից երևում է գեղատեսիլ Արարատյան դաշտն ու փառահեղ Արարատ լեռը:

Թանգարանի առաջին հարկը ստորգետնյա է, այստեղ գործում են վարչական, ինժեներա-տեխնիկական ծառայությունները, ինչպես նաև 170 հոգու համար նախատեսված Կոմիտասի անվան դահլիճը: Այստեղ են տեղակայված նաև գիտական ու թանգարանային արժեքների պահոցները, գրադարանը, ընթերցասրահը: Թանգարանային ցուցադրությունը տեղակայված է երկրորդ հարկում` ընդգրկելով մոտ 1000քմ տարածք: Այն ունի հիմնական երեք փակ և մեկ բացօթյա ցուցասրահներ:

Ցեղասպանության հուշակոթողը կառուցված է հավերժացնելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Հայոց Ցեղասպանության թանգարանի առաքելությունը խառսխված է այն համոզմունքի վրա, որ Հայոց ցեղասպանության ընդունումը կարևոր քայլ է` ապագայում նմանատիպ ողբերգությունները կանխելու համար և նրանք, ովքեր մոռանում են անցյալը, դատապարտված են այն կրկնել:

Մուտքն անվճար է, բայց նվիրատվությունները ողջունվում են:
Թանգարանի ներսում գործում է գրախանութ, որը բաց է թանգարանի աշխատանքային ժամերին:
Մեքենաների կայանումը թանգարանի հարակից տարածքում ազատ է և անվճար:
Ինչպե՞ս հասնել

Հետիոտն`

Մարզահամերգային համալիրից կամ Աթենքի փողոցից` 15-20 րոպե քայլելով:

Ավտոմեքենայով`

Հրազդան մարզադաշտից դեպի աջ` Աթենքի փողոցով: Ճանապարհի աջ կողմում երևում է ցուցանակը, որը կուղղորդի Ձեզ:
Թանգարանի կանոնները.

Թանգարանում խստիվ արգելվում է ուտել, խմել, ծխել:

Թանգարանում չի թույլատրվում լուսանկարել և տեսագրել, խոսել հեռախոսով:






Աշխատաժամանակը՝ Երեքշաբթի-կիրակի` 11.00 - 17.00, ազատ օր` երկուշաբթի:

Կարծիքներ

Կարծիք գրառել