Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի բացումը տեղի է ունեցել 1963 թ. հոկտեմբերի 31-ին: Թանգարանի ամենանվիրական հատվածը բանաստեղծի աշխատասենյակն է: Այցելուն կարող է տեսնել Իսահակյանի հնօրյա գրասեղանը, Վարպետի համար հատուկ պատրաստված բազմոցը: Գրասեղանին բանաստեղծի ձեռագրերն են, նրա կարդացած վերջին գրքերը, հարազատների լուսանկարները և անձնական իրերը` գրիչը, ակնոցը, թազբեհը և այլն: Տուն-թանգարանի հպարտությունն է բանաստեղծի անձնական գրադարանը:
Հուշասենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ գտնվող գեղանկարները հայ նկարիչների նվերներն են Իսահակյանին: Դրանց թվում են Մարտիրոս Սարյանի` Վարպետի դիմանկարը (արված ածուխով), Գևորգ Բաշինջաղյանի «Էջմիածնի վանքի լճակը» կտավը, Փանոս Թերլեմեզյանի «Հայ աղջնակի դիմանկարը» և այլն:
Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը` իր պարզ ու համեստ կահավորանքով: Թանգարանի բնական շարունակությունն է գողտրիկ այգին, ուր դեռ կանգուն են Վարպետի ձեռքով տնկած ծառերը:
3 ցուցասրահներ հատկացված են Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության լուսաբանմանը. ցուցադրվում են նմուշներ ձեռագրերից, մի շարք անձնական իրեր, կարևոր վավերագրեր, լուսանկարներ և այլն:
Մուտքի տոմսի արժեքը` 500 դրամ:
Աշխատաժամանակը՝ | Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 11.00-17.00: |
Կարծիքներ