Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ

1991 թ. դեկտեմբերին ՀՀ պետական բանկի վրա են դրվում նորանկախ Հայաստանի Հանրապետության ազգային բանկի գործառույթները:

1993 թ. ապրիլի 27-ին ընդունվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքը, որով Ազգային բանկը վերանվանվում է ՀՀ կենտրոնական բանկ: Այն ղեկավարում է Իսահակ Իսահակյանը, որը պետական բանկը կառավարում էր 1986 թվականից:

1993 թ. հուլիսի 26-ին ՌԴ ԿԲ-ն Ռուսաստանի տարածքում շրջանառության մեջ է դնում 1993 թ. թողարկված նմուշի ռուբլին: Փաստորեն, Ռուսաստանը դուրս է գալիս խորհրդային ռուբլու գոտուց` մյուս հանրապետություններին թողնելով քայքայված ֆինանսական համակարգ: Թեև 1993 թ. սեպտեմբերին նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետությունների և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվում է համաձայնագիր` միասնական ռուբլու գոտի ստեղծելու վերաբերյալ, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև ստորագրվում է երկկողմանի համաձայնագիր, սակայն դրանք չեն իրագործվում: 1993 թ. հոկտեմբերին Թուրքմենստանը, իսկ նոյեմբերի 12-13-ին Ուզբեկստանը և Ղազախստանը շրջանառության մեջ են դնում իրենց ազգային արժույթները: Հայաստանը միակն էր, որ պահպանում էր խորհրդային ռուբլու շրջանառությունը, և երկիրը հայտնվում է ռուբլիների անկանխատեսելի ներհոսքի վտանգի առջև: Միաժամանակ, Հայաստանը գտնվում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի մեջ, ռազմական գործողություններ էին սկսվել Լեռնային Ղարաբաղում, տնտեսությունը մտել էր գերգնաճի շրջան:

Հայաստանը մնում է առանց ընտրության հնարավորության: Դրամաշրջանառության կարգավորման համալիր միջոցառումներ մշակելու և իրականաց­նելու նպատակով ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 13-ին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողով` ՀՀ Գերագույն Խորհրդի ֆինանսավար­կային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանի, ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխու­դարյանի համանախագահությամբ, որի վրա է դրվում իրավիճա­կային որոշումներ ընդունելու պատասխանատվությունը: Հանձնաժողովը մինչև նոյեմբերի 22-ը ընդու­նում է 20-ից ավելի կարևորագույն որոշումներ: Հայաստանի Հանրապետության դրամաշրջանառության կարգավորման պետական հանձնաժողովի 19.11.93 թ. թիվ 15 որոշմամբ ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում ազգային արժույթը` դրամը:

Դրամափոխությունից հետո լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Ի. Իսահակյանը հայտարարում է, որ Կենտրոնական բանկը որդեգրելու է կոշտ և զուսպ քաղաքականություն, և որ դրամի կայունացման ֆոնդն այսուհետև ամբողջությամբ լինելու է Կենտրոնական բանկում: Սկզբնական շրջանում Կենտրոնական բանկի ոսկու և արտարժույթի պահուստները կազմում էին ընդամենը 500 հազար ԱՄՆ դոլար:

1994 թ. Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Բագրատ Ասատրյանը և պաշտոնավարում մինչև 1998 թ.:

1994 թ. ՀՀ կենտրոնական բանկն առաջին անգամ մշակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր:

1994 թ . հունվարին արձանագրվում է դրամանենգության առաջին փաստը: Դրամանենգը 10 դրամանոց թղթադրամը վերածել էր 100-ի` ավելացնելով մեկ զրո:

1995 թ. հուլիսի 27-ին հիմնվում է Հայաստանի բանկերի ասոցիացիան, որի նախագահ է ընտրվում Տիգրան Սարգսյանը: Ասոցիացիայի նպատակն էր` լոբբիստական գործունեությամբ պաշտպանել անդամակցող բանկերի շահերը: Այժմ այդ կառույցը կոչվում է Հայաստանի բանկերի միություն:

1996 թվականին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է ՀՀ բանկային համակարգում ձևավորված հարաբերությունները կարգավորող հիմնական` «ՀՀ կենտրոնական բանկի մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ նոր օրենք­նե­րը, ինչպես նաև «Բանկերի սնան­կացման մասին», «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքները:

«ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով ամրագրված Կենտրո­նա­կան բանկի հիմնական խնդիրը ՀՀ-ում գների կայունության ապա­հո­վումն է, որի իրագործման նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է դրամավարկա­յին քաղ­ա­քա­կանության ծրագիրը:

Կենտրոնական բանկի խնդիրներն են`

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունության և բնականոն գործունեության ապահովումը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը.

գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելն ու զարգացնելը.

Հայաստանի Հանրապետության արժույթի թողարկումը, դրամաշրջանառության կազմակերպումը և կարգավորումը.

արժեթղթերում ներդրողների պաշտպանության, շուկայում արժեթղթերի արդար գնագոյացման համակարգի ձևավորման ու պահպանման, արժեթղթերի արդար, թափանցիկ և վստահելի շուկայի կանոնակարգված և բնականոն գործունեության և զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը:

1998 թ. մարտին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Տիգրան Սարգսյանը և պաշտոնավարում մինչև 2008թ. ապրիլը:

2007 թ. օրենսդրորեն ամրագրվում է նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը ոչ թե սահմանում, այլ հրապարակում է արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքը:

2008 թ . հունիսին Կենտրոնական բանկի նախագահ է նշանակվում Արթուր Ջավադյանը:

Կարծիքներ

Կարծիք գրառել