Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոն
Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնը գործում է Օղակաձև զբոսայգում` ճարտարապետ Ստ. Քյուրքչյանի կողմից 1977 թ. կառուցված շենքում։ Կամերային տան շենքն իր ձևով տարբեր է և առանձնակի` կառուցված «ազատ հատակագծի» սկզբունքով` հանդիսասրահը, բեմը, ճեմասրահը, նախասրահն առանց միմյանցից զատող սահմանների` ստեղծելով ներքին ամբողջական տարածություն։ Շենքի գեղարվեստական լուծումը կատարված է զբոսայգու պուրակային ճարտարապետությանը համահունչ։
Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնում մշտապես տեղի են ունեցել բազմաթիվ համերգներ և փառատոններ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ: Ներկայումս ևս շենքի 300 տեղանոց դահլիճում և ճեմասրահում անց են կացվում համերգներ, փառատոններ,հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ:
Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվ. լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ` Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլոք: Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները:
ԿԵԱԿ մասնաճյուղեր`
Երևանի պետական կամերային երգչախումբ, գեղ. ղեկավար և դիրիժոր` Հարություն Թոփիկյան
Հայաստանի պետական կամերային երգչախումբ, գեղ. ղեկավար և դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան
Հայաստանի պետական կամերային նվագախումբ, գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան
Հայաստանի հնագույն երաժշտության “Տաղարան” համույթ, գեղ.ղեկավար և դիրիժոր` Սեդրակ Երկանյան
«Հովեր» պետական կամերային երգչախումբ, գեղ.ղեկավար և դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան
Մենակատարների պետական անսամբլ, գեղ.ղեկավար և դիրիժոր` Զավեն Վարդանյան։
Մասնաճյուղերի համերգներին զուգահեռ 2011 թ. վերակազմակերպված Կամերային Երաժշտության Ազգային Կենտրոնը իրականացնում է սեփական նախագծեր, այդ թվում` արտասահմանյան հայտնի երաժիշտների և երաժշտախմբերի հյուրախաղեր և վարպետության դասընթացներ Հայաստանում:
Կարծիքներ