Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բջնի)

Բջնիի Ս. Աստվածածին վանքը գտնվում է ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղում: Այն հիմնադրվել է 1031 թ.: Վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին` Հովհաննես Սմբատ թագավորի և Պետրոս Ա․ Գետադարձ կաթողիկոսի կարգադրությամբ: Այստեղ պետք է հաստատվեր եպիսկոպոսական աթոռ:

Սուրբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է: Բազմանիստ թմբուկը պսակվում է հովհարաձև տանիք ունեցող գմբեթով: Գիպսե շքեղ շրջանակով երիզված Ավագ խորանի կենտրոնի խորշը եկեղեցու ճարտարապետական և հարդարանքի առանձնահատկություններից մեկն է: Հարկ է նշել նաև պատերի երկայնքով ձգված քարե բարձակային դարակները: Ենթադրվում է, որ նրանք նախատեսված էին վանքում ստեղծված բազմաթիվ ձեռագրերի համար: Սուրբ Աստվածածին վանքը, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ, միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Վանքը մեծ համբավ ձեռք բերեց XII դ., Գրիգոր Մագիստրոսի որդի, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ․ Պահլավունու օրոք:






Կարծիքներ

Կարծիք գրառել