ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ (CPS)
Ընկերությունն իր գործունեությունը սկսեց 1992 թ., երբ Հայաստանի վառելիքաէներգետիկային համալիրը սուր ճգնաժամի մեջ էր: Հայկական ատոմային էլեկտրակայանի փակումով երկիրը զրկվեց էներգետիկ ռեսուրսներից, երկաթուղային շրջափակման հետևանքով փակվեցին էներգակիրների ներկրման այլընտրանքային ուղիները: Շուկան լցվեց անորակ վառելանյութով, որի մատակարարումն անկանոն էր: Գործնականում բացակայում էին հատուկ սարքավորումներով հագեցած բենզալցակայաննները, ծաղկում էր ապրում կենցաղային տարաներով բենզինի եվ դիզելային վառելիքի այսպես կոչված «փողոցային վաճառքը»:
Այդ ժամանակ ընկերությունը որոշեց առաջին հերթին հայկական շուկային ապահովել վառելիքի անխափան մատակարարմամբ էներգակիր երկրներից, գտնել վառելիքի առաքման այլընտրանքային ուղիներ, կազմակերպել վառելանյութի շուկայի կառավարման քաղաքակիրթ մեթոդները:
1992 թվականին CPS-ը բենզինի և դիզելային վառելիքի ներկրման պայմանագրեր կնքեց Ռուսաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի հետ, իսկ 1994 թվականից՝ Թուրքմենստանի հետ՝ այնտեղից ամեն տարի դիզելային վառելիք ներկրելու համար: Այս ողջ ընթացքում ընկերությունն ունեցել է վառելիքի ներկրման ծավալի դրական տեղաշարժ: Այսպես, եթե 2000 թվականին բենզինի ներկրման ծավալը կազմում էր 31․580 տոննա, իսկ դիզելային վառելիքինը՝ 19․540 տոննա, ապա 2006 թվականին այդ ցուցանիշը բենզինի համար հասավ 68․044 տոննայի, իսկ դիզելային վառելիքի համար՝ 25․092 տոննայի:
Ընկերության գործունեության ուղղությունները հետևյալ են՝ երկրում վառելանյութի պաշարների ստեղծում, միաժամանակ արևմտյան չափանիշներին համապատասխանող սարքավորումներով հագեցած ինֆրակառուցվածքի ստեղծում և զարգացում: CPS-ի ղեկավարության խորին համոզմամբ հաճախորդների համար ընկերության ինֆրակառուցվածքում ներառված օբյեկտների գրավչությունը երաշխիք է ընկերության հետագա զարգացման համար:
1994 թ․ ընկերությունը ձեռնամուխ եղավ բենզալցակայանների ցանցի ստեղծմանը: Կայանների համար ձեռք բերվեցին էլեկտրոնային և տեխնիկական ժամանակակից սարքավորումներ, որպեսզի որակյալ սպասարկում ապահովեն հաճախորդների համար: Ներկայումս բենզալցակայանների ցանցը ներառում է 25 սեփական եվ CPS ընկերությունների խմբին պատկանող 35 կայան:
Վառելանյութի պահեստների խնդրի լուծման համար CPS-ը ստեղծեց մեծածախ բազաների ցանց՝ տեղակայված երկրի տրանսպորտային կարևոր հանգույցներում: Ներկայումս ցանցը ներառում է 9 մեծածախ բազա հյուսիսային և հարավային միջպետական ավտոմայրուղիները, ինչպես նաև կենտրոնական և արևմտյան ներքին ավտոմայրուղիները հսկող հանգույցներում: Բազաներում ստեղծված են 10 հազար կուբամետր ծավալի վառելանյութի պահեստներ:
Կարծիքներ