Երևան Քաղաքի Առաջին Ատյանի Ընդհանուր Իրավասության Դատարան
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:
3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված և անօրինական պահվող երեխաների վերադարձի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների և այլն) գործեր։
4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան: Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում համապատասխանաբար ՀՀ քրեական դատավարության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով և ժամկետներում:
Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Կարծիքներ