Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանի պատության ժամանակագրությունը․

Հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439,09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը:

Բացվել է այցելուների համար 1921թ. օգոստոսի 20-ին, կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարանը (1926թ.) կազմավորվել է Կովկասի Հայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի Հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա (15.289 առարկա)։

1935 թվականին ՀԿԿ Կենտկոմի հրամանով մայր թանգարանի հավաքածուների հիման վրա ստեղծվեցին ինքնուրույն թանգարաններ.

1.գեղարվեստական բաժնի հիման վրա /ղեկավար Ռ. Դրամբյան/ կազմակերպվեց ՀՍԽՀ Կերպարվեստի թանգարանը /այժմյան` Ազգային Պատկերասրահը/, – հանձնվեց 1660 առարկա

2. գրական բաժնի հիման վրա ձևավորվեց ՀՍԽՀ Գրական թանգարանը /այժմյան` Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանը/, – հանձնվեց 301 առարկա և 1298 ձեռագիր:

1978թ. ստեղծված Ազգագրության պետական թանգարանին հանձնվեց 1478 առարկա և 584 լուսանկար:

ֆինանսավորվում է 100% պետության կողմից, որը հավաքածուների և շենքի սեփականատերն է, պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%), համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով, ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը, ցուցադրում է Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը, տերն է Ք.ա. III-II հազարամյակների բրոնզե նմուշների մեծաքանակ և բացառիկ հավաքածուի, որ մտնում է համաշխարհային գլուխգործոցների գանձարանը, տերն է Հին Արևելքի հայկական հզոր պետության՝ Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության. բացառիկ սեպագիր արձանագրություններ, բրոնզե արձանիկներ, որմնանկարներ, գունազարդ խեցեղեն, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե եզակի նմուշներ՝ պեղված Կարմիր Բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից։

Տերն է Ուրարտուի Արգիշտի I արքայի՝ Երևան քաղաքի հիմնադրման մասին թողած սեպագիր արձանագրության՝ Ք.ա. 782թ.։

Տերն է փոխադրամիջոցների պատմության հնագույն վկայությունների. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր՝ Ք.ա. XV-XIV դդ.։

Ունի հայկական դրամների հարուստ հավաքածու՝ բաղկացած Ծոփքի, Արտաշեսյան, Կյուրիկյան և Կիլիկիայի հայկական թագավորությունների, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանում գործող դրամահատարանների (Դվին, Անի, Երևան և այլն) օտար թողարկումներից։

Ցուցադրում է Հայաստանում հելլենիստական մշակույթի ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշներ՝ քանդակ, ճարտարապետական մանրամասեր, ոսկերչական իրեր, խեցեղեն՝ պեղված Գառնի, Արտաշատ, Օշական հնավայրերից։

Ներկայացնում է Հայաստանի քրիստոնեական մշակույթը IV-XV դդ.՝ ճարտարապետական, քանդակագործական, խեցեգործական եզակի գտածոներ՝ պեղված Դվին, Անի քաղաքներից, Ամբերդ ամրոցից։

Իրականացնում է կոնսերվացման և վերականգման աշխատանքներ։

Հրատարակել է՝ 1948-ից ի վեր, հայկական ճարտարապետությանը, հնագիտությանը, ազգագրությանը, հայոց պատմությանը նվիրված աշխատություններ, մատենաշարեր, հնագիտական պեղումների զեկույցներ։

Իրականացնում է պատմությանն ու մշակույթին նվիրված ուսումնական և գիտամասսայական ծրագրեր։

Մասնակցել է միջազգային ցուցահանդեսներին. Բուդապեշտ 1968, Փարիզ 1970, Լենինգրադ 1974, 1985, Սպոկան 1975, Լոս-Անջելես 1977, Տարտու 1979, Կիեւ 1980, Ցուկուբա 1984, Վենետիկ 1987։

Հայաստանի անկախացումից հետո ցուցահանդեսներով ներկայացվել է եվրոպական քաղաքների նշանավոր թանգարաններում. Բոխում` 1995, Նանտ` 1996, Փարիզ` 1996, 2001, Լիոն` 1997, Կահիրե` 1997, Բոնն, Հալլե-Վիտենբերգ` 1998, Աթենք` 1998, Վատիկան` 1999, Փարիզ` 2001, Լոնդոն` 2001, Լեյդեն` 2002, Բուդապեշտ` 2002, Մոսկվա 2003թ.: Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում ունեցել է 11 ցուցահանդես. Վանդե` 2006 թ., Փարիզ, Լիոն, Սեն Ռաֆայել, Ռուան, Առլ, Մարսել, Կլունի` 2007 թ.:

Միջազգային մշակութային համագործակցության շրջանակներում 2009-2010 թթ. թանգարանը ներկայացվել է Սանկտ Պետերբուրգի պետական Էրմիտաժում( 2008 թ.),Նյու Յորքի Մետրոպոլիտեն Արվեստի թանգարանում(2009 թ.), Թեսալոնիկի, Բյուզանդական արվեստի և Պրինստոնի համալսարանի արվեստի թանգարաններում (Նյու Ջերսի, ԱՄՆ) (2009-2010 թթ.) Լյուբլյանայի (Սլովենիա) «Ցանկարեվ դոմ» մշակույթի և համաժողովների կենտրոնում:

Թանգարանը ձեռնարկել է «Ճանաչիր քո երկիրը» խորագրով ցուցահանդեսների շարք Հայաստանի մարզերում: Դրանք նախատեսված են ինչպես դպրոցականների այնպես էլ երկրագետների համար և ճանաչողական մեծ նշանակություն ունեն: Այդ շարքից իրականացվել են ցուցահանդեսներ նվիրված Տավուշի և Սյունիքին մարզերին:

Մուտքի տոմսի արժեքը – 1000 դրամ: Ուսանողների, թոշակառուների, աշակերտների համար` 300 դրամ:

Էքսկուրսիա՝ բացատրությամբ (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) – 5000դրամ, հայերեն – 3000դրամ:

ՄՈՒՏՔԸ ԱՆՎՃԱՐ Է`

թանգարանների աշխատողների, պետական պաշտոնական պատվիրակությունների, մշակույթի ժառանգության բնագավառի ուսանողների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, նկարիչների միությունների անդամների, զինծառայողների, լրագրողների համար. (կարգավիճակը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է).

յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (բացառությամբ աշակերտների)

աշակերտների խմբերի և նրանց ուղեկցող ուսուցիչների համար` յուրաքանչյուր ամսվա երկրորդ ուրբաթ օրը:






Աշխատաժամանակը՝ Երեքշաբթի - Շաբաթ` 11.00-18.00 (այցելուների մուտքը դադարեցվում է 17.15-ից): Թանգարանը փակ է Երկուշաբթի, Ազգային տոների և հիշատակի օրերին:

Կարծիքներ

Մեկ արձագանք “Հայաստանի պատմության թանգարան” էջի մասին

Կարծիք գրառել