Սուրբ Էջմիածին, Մայր Տաճար

Ագաթանգեղոսի վկայությամբ՝ կառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ, 302–303-ին, Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, արքունի ապարանքի մոտ: Աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: Իշխան Վահան Մամիկոնյանը 483–484-ին հիմնովին վերակառուցել է Մայր Տաճարը, որից հետո այն ստացել է հատակագծային ու ծավալատարածական իր այժմյան տեսքը: Ըստ պատմիչ Սեբեոսի, VII դ. I-ին երեսնամյակին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը փայտե ծածկը փոխարինել է քարով: Համաձայն Ստեփանոս Տարոնեցու, 982-ին արաբ Աբլհաճ Ամիրան իջեցրել է տաճարի գմբեթի խաչը: 1804–13-ին, ռուս-պարսկ. պատերազմի ընթացքում, ռուսական կողմը տաճարն իբրև բերդ է օգտագործել, որի համար խորանների զանգակատների շուրջը պատնեշներ են կառուցվել: Ռուս զինվորները տաճարի տանիքին շուրջօրյա պահակության ընթացքում կրակ են վառել, որի հետևանքով տանիքի սալերը ճաքճքել են, և անձրևաջրերը ներս են թափանցել: 1914-ին, մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի բարերարութամբ, Էջմիածնի Մայր Տաճարը մասնակի նորոգվել է: 1915-ին Էջմիածնի Մայրավանքը դարձել է Մեծ եղեռնից մազապուրծ հայ գաղթականների հավաքատեղի և ապաստան: 1921-ին Մայր Տաճարի հարավային խորանի գմբեթարդը և տանիքի զանգակատունը փլվել են: 1923-ին Ա. Թամանյանի և Թ. Թորամանյանի գիտական ղեկավարությամբ հարավային խորանը վերականգնվել է, հանվել են թանգարանի տանիքի զույգ գմբեթները: 1945-ին կաթողիկոս Գևորգ Զ. Չորեքչյանի առաջարկով ազգային-եկեղեցական ժողովը որոշում է ընդունել Էջմիածնի Մայր Տաճարի հիմնովին նորոգման մասին, որն իրականացվել է 1954–55-ին՝ Հայաստանի կառավարության հատկացրած միջոցներով: Մայր Տաճարում են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ ս. Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, ս. Գրիգոր Ա Լուսավորչի Աջը, Գետարգելի ս. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, ս. Հռիփսիմեի և ս. Գայանեի մասունքները, ս. Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, ս. Արիստակես Ա Պարթևի Աջը, ս. Գևորգ Զորավարի, ս. Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Տաճարում է կատարվում ս. Մյուռոն եփելու արարողությունը: Այստեղ է տեղի ունենում Ամենայն հայոց կաթողիկոսների ընտրությունը և օծումը:

Մեկնաբանություններ

Կարծիք գրառել