Արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում եւ համակարգում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
————
1988 թ. Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:
1991 թ. ստեղծվում է արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող ՔՊ շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991 թ. վերջին դրվում է արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն անցյալում քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե՛ հայեցակարգային, թե՛ մասնագիտական ու թե» իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից եւ ռիսկի գնահատումից:
ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին.
– աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետներում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը.
– աղետների եւ վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:
1994 թ. Հայաստանը դառնում է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության լիիրավ անդամ:
1997 թ. ԱԻ վարչությունը հանվում է ՀՀ կառավարության կառուցվածքից եւ վերանվանվում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության։
1997 թ. հուլիսին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանը:
2001 թ. փետրվարին ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը։
2004 թ. մարտին ԱԻՎ պետ է նշանակվում գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանը։
2005 թ. դեկտեմբերին արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:
2008 թ. ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ նախարար է նշանակվում Մհեր Շահգելդյանը:
Նորաստեղծ նախարարության կազմում ընդգրկվում են Հայաստանի փրկարար ծառայությունը, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, Հայպետհիդրոմետը, Պետական ռեզերվների գործակալությունը եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը:
2010 թ. մարտին ԱԻ նախարար է նշանակվում Արմեն Երիցյանը:
Կարծիքներ