«Մայր Հայաստան» զինվորական թանգարան
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի շենքը կառուցվել է 1950 թվականին` որպես պատվանդան Ստալինի արձանի համար, իսկ թանգարանը բացվել է 1973 թվականին` «Սովետական Հայաստանը Հայրենական Մեծ պատերազմին» անվանումով: 1995 թ. թանգարանը ՀՀ Մշակույթի նախարարությունից անցել է Պաշտպանության նախարարությանը, բացվել են Արցախին և ինքնապաշտպանական մարտերին նվիրված ցուցասրահներ: Ունի 3000 մ2 ընդհանուր ներքին մակերես, երեք հարկ և մեծ դահլիճ, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ, համերգներ: Թանգարանի պատշգամբները բացվում են դեպի քաղաքի բոլոր ուղղությունները:
Զինվորական թանգարանի ֆոնդերում կան շուրջ 30 հազար ցուցանմուշներ, որոնցից մոտ 10 հազարը ցուցադրվում է: Գործում է երեք բաժին` նվիրված 1918-1920 թթ. ՀՀ Զինված Ուժերին, Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան պատերազմին, որոնց ցուցանմուշները պարբերաբար թարմացվում են:
Արժեքավոր են ԽՍՀՄ հերոսների մեդալները, շքանշանները, Արա Սարգսյանի փայտե քանդակը, Անգլիայի թագուհու նվերը Բրիտանական ռազմաօդային ուժերի օդաչուներ Աղազարյան եղբայրներին, սահմանափակ քանակով պատրաստված ոսկե բռնակով սուրը` «նվիրյալների համար» մակագրությամբ: Թանգարանում են պահվում ազատամարտիկների անձնական իրեր` լուսանկարներ, համազգեստներ, նամակներ (Մոնթե Մելքոնյանի զրահաշապիկը, ակնոցը, Թաթուլ Կրպեյանի քաղաքացիական հագուստը, Ջիվան Աբրահամյանի ատրճանակը և այլն):
Թանգարանին են պատկանում նաև դրսում գտնվող տեխնիկան` կատյուշան, Միգ-15 ինքնաթիռը, Տ-41 տանկը, որոնք մասնակցել են Հայրենական պատերազմին, հետագայում դրանց են ավելացվել ԲՄ Դեսանտնիկը, ԲՏՌ-155-ը, 75 հրթիռային համալիրը, որը պատերազմի ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 ինքնաթիռ: Համալիրի մեջ է մտնում նաև հերոսների ծառուղին և անհայտ զինվորի հուշարձանը:
Աշխատաժամանակը՝ | Ամեն օր, բացի երկուշաբթիից, ժամը` 10. 00 - 17. 50, շաբաթ-կիրակի` 10.00 - 15.00: |
Կարծիքներ