Նարեկացի Արվեստի Միություն

«Նարեկացի» արվեստի միությունը /ՆԱՄ/ հիմնադրվել է 2002 թվականին ԱՄՆ-ում: Այսօր այն ունի մասնաճյուղեր Երևանում և Շուշիում: ՆԱՄ Երևանի մասնաճյուղը ստեղծվել է 2004 թ.: Այն մայրաքաղաքի մշակութային կյանքի հայտնի ու ակտիվ կենտրոններից մեկն է, որը կազմակերպում և իրականացնում է մշակութային տարբեր նախագծեր և միջոցառումներ` ներառյալ ցուցահանդեսներ, երաժշտական միջոցառումներ, թատերական ներկայացումներ, ֆիլմերի ցուցադրում, գրքերի շնորհանդեսներ և մասնագիտական դասընթացներ: Բոլոր ծառայությունները արվեստագետներին տրամադրվում են անվճար, և միջոցառումների մուտքն ազատ է լայն հասարակության համար: Իր գործունեության ընթացքում ՆԱՄ-ը նաև հրատարակել է մի շարք գրքեր, ալբոմներ, ձայնային և պատկերային խտասալիկներ (CD և DVD), ստեղծել հատուկ կայքէջեր արվեստի տարբեր բնագավառների գործիչների մասին: Այն Երևանում գործող եզակի մշակութային կառույցներից է, որտեղ հաշմանդամների համար ազատ տեղաշարժման համար ստեղծված են բոլոր անհրաժեշտպայմանները` հնարավորություն ընձեռելով նրանց մասնակից դառնալու ՆԱՄ-ում ծրագրվող և իրականացվող բոլոր ձեռնարկներին:

Նարեկացի Արվեստի Միությունը մարդասիրական, շահույթ չհետապնդող կազմակերպություն է:

Նպատակ ունի պահպանելու և խթանելու հայկական մշակույթի ժառանգությանը արվեստի ոգու միջոցով:

Արվեստը արտացոլում է անցյալը, հարստացնում ներկան և կերտում ապագան… «Նարեկացի» արվեստի միությունը /ՆԱՄ/ կոչված է ծառայելու արվեստի ոգուն: Նրա առջև դրված խնդիրներն ու նպատակները հիմնված են մտավորականների ազնվության և հասարակական գիտակցության վրա: 11-րդ դարի բանաստեղծ և մտածող Գրիգոր Նարեկացու հոգևոր վեհության գիտակցումն է մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը:

Նպատակը.

ՆԱՄ գլխավոր նպատակն է հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնել մեր հարուստ մշակութային ժառանգությանն ու մեր պատմությանը` դրանով իսկ նպաստելով արվեստի տարածմանն ու զարգացմանը: ՆԱՄ-ը նաև ձգտում է ստեղծել մի միջավայր, որտեղ ազատորեն կարող է թևածել արվեստի ոգին, համախմբել արվեստագետներին, նեցուկ կանգնել առաջին քայլերն անող տաղանդավոր երիտասարդներին արվեստի տարբեր բնագավառներում` կերպարվեստ, կինո, երաժշտություն, գրականություն և այլն:






Կարծիքներ

Կարծիք գրառել