Սերգեյ Փարաջանովի թանգարան
Ս. Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` “Մոռացված նախնիների ստվերները” /1964/, “Սայաթ-Նովա” կամ “Նռան գույնը” /1969/, “Լեգենդ Սուրամի ամրոցի մասին” /1985/, “Աշուղ Ղարիբ”/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում:
Ս. Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:
Թանգարանը հիմնադրվել է 1988 թ.-ին Հայաստանի ժող. արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս. Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին “Ձորագյուղ” ազգագրական թաղամասում Սարգիս Փարաջանյանցին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988թ-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին: Այդ էր պատճառը, որ թանգարանը բացվեց միայն 1991 թվականին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 600 Փարաջանովի աշխատանքներից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր առարկաների թիվը հասնում է 1500 միավորի: Ֆոնդերում պահպանվում են ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լիլի Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների: Թանգարանի ցուցադրությունում ընդգրկված է շուրջ 700 ստեղծագործություն: Հուշային երկու սենյակներում վերականգնվել են Փարաջանովի թիֆլիսյան տան և կիևյան բնակարանի ներքին հարդարանքի որոշ հատվածներ:
Հեղինակի ինքնատիպ ռեակցիան կյանքի իրադարձությունների նկատմամբ, նրա պլաստիկ աշխարհընկալումը արտահայտված են նրա ստեղծագործությունների` ասամբլաժների, հարթ և տարածական կոլաժների, գծանկարների, կինոֆիլմերի էսքիզների միջոցով:
Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:
Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:
Փարաջանովը սովետական իշխանությունների կամոք 15 տարի զրկվեց կինոարվեստից, որոնցից 1973-1977 և 1982 թ-ները անցկացրեց խիստ ռեժիմի ճամբարներում և բանտերում:
Գոյության 27 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 65 ցուցահանդես 30-ից ավել երկրներում, այդ թվում` Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Կիևում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Պեկինում, Փարիզում, Բրազիլիայում, Կանադայում, Վիլնյուսում, և այլուր:
Մուտքի տոմսի արժեքը` 1000 դրամ, դպրոցականների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 200 դրամ, ուսանողների և թոշակառուների համար (ՀՀ քաղաքացիների համար)` 300 դրամ: Ամեն ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է:
Էքսկուրսիայի տոմսի գինը.
- հայերեն լեզվով` 2000 դրամ
- ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն` 2500 դրամ
Աշխատաժամանակը՝ | ամեն օր, ժամը` 10.30 - 17.00: |
Կարծիքներ