Հայաստանի Հանրապետության գերբ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

Գրանցող՝ ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ

0 կարծիք

Բաժինը՝ ՊԵՏԱԿԱՆ,

  • Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0095, Մարշալ Բաղրամյան 19
  • +374.10.588551, +374.11.513622, ֆաքս՝ +374.10.529695
  • webmaster@parliament.am

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. եւ 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի իրավասությունները սահմանվում էին Հայկական ՍՍՀ սահմանադրությամբ: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը իրավազոր էր լուծելու ՍՍՀՄ սահմանադրությամբ եւ ՀՍՍՀ սահմանադրությամբ ՀՍՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը: Ընտրվում էր 5 տարի ժամկետով, միապալատ էր եւ կազմված էր 340 դեպուտատից, որոնք ընտրվում էին ըստ հավասար թվով բնակչություն ունեցող ընտրական օկրուգների: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի եւ նրա մարմինների գործունեության կարգը որոշվում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կանոնակարգով եւ ՀՍՍՀ մյուս օրենքներով: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը նշանակում էր ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահին, նրա ներկայացմամբ հաստատում էր Մինիստրների խորհրդի կազմը, վերջինիս առաջարկությամբ կազմում ու լուծարում էր ՀՍՍՀ մինիստրությունները եւ պետական կոմիտեները, ընտրում Գերագույն դատարան, հաստատում ՀՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանները, ՀՍՍՀ պետական բյուջեն:

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում:
I գումարում 1938թ VII—————-1967
II —————– 1947 VIII—————1971
III —————–1951 IX—————–1975
IV —————–1955 X——————1980
V——————-1959 XI—————–1985
VI——————1963 XII—————-1990

ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջեւ ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը գլխավորում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ են եղել Մ.Պ.Պապյանը (1938-1954թթ.), Շ.Մ.Առուշանյանը (1954-1963թթ.), Ն.Խ.Հարությունյանը (1963-1975թթ.), Բ.Ե.Սարկիսովը (1975-1985թթ.), Հ.Մ.Ոսկանյանը (1985-1990թթ.):

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. փետրվարի 13-ին ընդունեց որոշում` ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատների լիազորությունների (դրանք լրանում էին 1990թ. փետրվարի 24-ին) երկարաձգման մասին (մինչեւ 1990թ. մայիսի 20-ը):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով` մայիսի 20-ին եւ հունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռեւս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը եւ Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: Գերագույն խորհրդում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը: ՀՅԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.):

1990 թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ օգոստոսի 6-ին նախագահի տեղակալներ ընտրվեցին Բաբկեն Արարքցյանը` առաջին տեղակալ, եւ Գագիկ Հարությունյանը:

1990 թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն խորհրդում ձեւավորվեցին «Արցախի կանչ» (26 պատգ.) եւ «Ազգայնական» (31 պատգ.), իսկ 1991 թ. մարտի 6-ին` «Կոմունիստ» (25 պատգ.) եւ «Հանրապետություն» (21 պատգ.) պատգամավորական խմբերը: 1991 թ. նոյեմբերի 28-ին ձեւավորվեց «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խումբը (10 պատգ.):

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն առաջին նստաշրջանում` օգոստոսի 23-ին, ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «1991 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը:

1991 թ. հունիսի 25-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց ՀՀ Նախագահի ընտրությունները նշանակել 1991 թ. հոկտեմբերի 16-ին:

1991 թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21-ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

1991 թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Նոյեմբերի 11-ին հրավիրվեց ՀՀ Գերագույն խորհրդի հատուկ նիստ` նվիրված ՀՀ Նախագահի երդման արարողությանը: 1991 թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990 թ. հուլիսի 20-ին եւ ավարտեց 1995 թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվեցին 1169 որոշում եւ 185 օրենք, որոնցից 104-ը` «մայր», իսկ 81-ը` փոփոխություններ եւ լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:

1995 թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի ընտրությունները (190 պատգամավոր` 150 մեծամասնական եւ 40 համամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին: Օրենքով սահմանված 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 5 կուսակցություն, որոնց միջեւ տեղերը բաշխվեցին հետեւյալ կերպ. «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս (20 պատգ.), «Շամիրամ»` 20 տոկոս (8 պատգ.), ՀԿԿ` 15 տոկոս (6 պատգ.), ԱԺՄ` 7,5 տոկոս (3 պատգ.), ԱԻՄ` 7,5 տոկոս (3 պատգ.): Ազգային ժողովում ստեղծվեց նաեւ «Բարեփոխումներ» պատգամավորական խումբը (31 պատգ.): 21 պատգամավոր ընդգրկված չէր որեւէ խմբակցության կամ պատգամավորական խմբի կազմում: Հետագայում ձեւավորվեց «Երկրապահ» պատգամավորական խումբը (17 պատգ.): ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը: 1998 թ. փետրվարի սկզբին Հայաստանում սկսվեց իշխանական ճգնաժամ: ՀՀ Նախագահը հրաժարական տվեց, որին հետեւեց Ազգային ժողովի ղեկավարության հրաժարականը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Խոսրով Հարությունյանը:

ՀՀ առաջին գումարման Ազգային ժողովի աշխատանքներն սկսվել են 1995թ. հուլիսի 27-ին եւ ավարտվել 1999 թ. հունիսի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 12 արտահերթ նստաշրջան, 64 հերթական, 14 արտահերթ եւ 2 հատուկ նիստ: Առաջին գումարման Ազգային ժողովն ընդունել է 302 օրենք, որոնցից 144-ը` «մայր», իսկ 158-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 154 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 658 որոշում, որոնցից 331-ը` նորմատիվային, 327-ը` արձանագրային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական եւ 56 համամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 1999թ. մայիսի 30-ին:

Ըստ ընտրությունների արդյունքների` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն եւ դաշինք, որոնց միջեւ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ. «Միասնություն» դաշինք` 41,69 տոկոս (29 պատգ.), ՀԿԿ` 12,09 տոկոս (8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» դաշինք` 7,96 տոկոս (6 պատգ.), ՀՅԴ` 7,86 տոկոս (5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28 տոկոս (4 պատգ.), ԱԺՄ` 5,17 տոկոս (4 պատգ.):

Ազգային ժողովի 129 պատգամավորներից կուսակցական էին 76-ը, անկուսակցական` 53-ը:

Ըստ կուսակցական պատկանելության` պատգամավորների կազմը հետեւյալն էր. ՀՀԿ` 24 պատգամավոր, ՀԺԿ` 8, ՀՅԴ` 8, ՀԿԿ` 7, «Օրինաց երկիր»` 7, ԺԴԿ` 6, ԱԺՄ` 4, «Ազգային միաբանություն» ՀՔԿ` 3, «Հանրապետություն»` 2, ՍԻՄ` 2, ԱԺԴ` 1, ԱԺԿ` 1, «Առաքելություն» ՀՔԿ` 1, Գիտաարդյունաբերական եւ քաղաքացիական միություն` 1, ՀՀՇ` 1: 1999թ. հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, բացվեց ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Ալբերտ Բազեյանը եւ Ռուբեն Միրոյանը:

Ա. Բազեյանի քաղաքապետ նշանակվելուց հետո` 1999 թ. սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Յուրի Բախշյանը:

1999 թ. հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք եւ կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով 1999թ. նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը եւ Գագիկ Ասլանյանը:

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն եւ պատգամավորական 3 խումբ: Պատգամավորական խմբակցություններն էին` «Միասնություն» (ստեղծվել է 10.06.1999թ., 46 պատգ.), «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Իրավունք եւ միաբանություն» (11.06.1999թ., 5 պատգ.), «Օրինաց երկիր» (10.06.1999թ., 4 պատգ.) եւ «Ազգային ժողովրդավարական միություն» (11.06.1999թ., 4 պատգ.), իսկ պատգամավորական խմբերն էին` «Ագրարային-ադյունաբերական ժողովրդական միավորում» (23.07. 2001թ., 11 պատգ., մինչ այդ «Կայունություն» (10.06.1999թ.)), «Հայաստան» (16.05.2000թ., 12 պատգ.) եւ «Ժողովրդական պատգամավոր» (16.04.2001թ., 16 պատգ.):

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 1999թ. հունիսի 10-ին եւ ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ եւ 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 համամասնական եւ 56 մեծամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 2003թ. մայիսի 25-ին: Ըստ ընտրությունների արդյունքի` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարեցին 6 կուսակցություն եւ դաշինք հետեւյալ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն` 23,66 տոկոս (23 պատգ.), «Արդարություն» դաշինք` 13,71 տոկոս (14 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 12,60 տոկոս (12 պատգ.), Հայ հեղափոխական դաշնակցություն` 11,45 տոկոս (11 պատգ.), «Ազգային միաբանություն»` 8,91 տոկոս (9 պատգ.), Միավորված աշխատանքային կուսակցություն` 5,67 տոկոս (6 պատգ.):

2003թ. հունիսի 12-ին բացվեց ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը, իսկ նախագահի տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը եւ Վահան Հովհաննիսյանը: Ընտրվեցին նաեւ մշտական հանձնաժողովների նախագահներ: 2006թ. մայիսի 22-ին Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց հրաժարական: Հունիսի 1-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը:

Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (13.06.2003թ., 40 պատգ.), «Օրինաց երկիր» (13.06.2003թ., 20 պատգ.), «Արդարություն» (13.06.2003թ., 14 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (13.06.2003թ., 11 պատգ.), «Ազգային միաբանություն» (13.06.2003թ., 8 պատգ.), «Միավորված աշխատանքային կուսակցություն (13.06.2003թ., 6 պատգ.), եւ մեկ պատգամավորական խումբ` «Ժողովրդական պատգամավոր» (13.06.2003թ., 16 պատգ.): Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէր 14 պատգամավոր:

ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողովն իր առաջին նիստը գումարել է 2003թ. հունիսի 10-ին, իսկ վերջինը` 2007թ. ապրիլի 9-ին: Գումարվել են 9 հերթական, 11 արտահերթ նստաշրջան եւ 25 եռօրյա, 23 չորսօրյա, 10 արտահերթ նիստ:

Երրորդ գումարման ընթացքում ընդունվել է 980 օրենք, որոնցից 152-ը` «մայր», 828-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 89-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն էին, 875-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 16-ը մշակվել էր համատեղ:

Ընդունվել է 1400 որոշում, որոնցից 333-ը` նորմատիվային, իսկ 1067-ը` արձանագրային: Վավերացվել է 256 միջազգային պայմանագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական եւ 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին եւ 2008թ. օգոստոսի 24-ին:

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 2007թ. հունիսի 7-ին: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը եւ Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արեւիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական ներկայացրեց): 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Տ. Թորոսյանը հրաժարական ներկայացրեց):

2008թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:

ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007 թ. հունիսի 7-ին: Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր:






Գրեք Ձեր կարծիքը

Կարծիք գրառելու համար նախ մուտք գործեք կամ գրանցվեք։

Բոլոր իրավունքները պաշտպանված են © 2013 - 2016 Armenian DataBase, ԱԲՍՏՐԱԿՏ ՍՊԸ:
Կայքից օգտվելով համաձայնվում եք մեր ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Skip to toolbar