Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համապետական նշանակություն ունեցող խոշորագույն բուժմիավորումներից է, որը սպասարկում է Երևանի և մարզերի բնակչությանը: ԲԿ-ն կազմավորվել է 2005-2008թթ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ հայկական առողջապահական համակարգի բարելավման ծրագրով, միավորում է երեխաների և մեծահասակների բազմաճյուղ հիվանդանոցը, «Սուրբ Աստվածածին» ծննդատունը և «Արտաշիսյան» համաբուժարանը (պոլիկլինիկան): 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ երկիրը կարիք ունի այնպիսի բժշկական հաստատության, որը կկարողանա ապահովել բժշկական շտապ օգնության ամբողջական սպասարկումը: Այս նպատակով, որպես բազմաճյուղ մանկական բժշկական հաստատություն, ընտրվեց Երևանի մանկական շտապօգնության հիվանդանոցը, որը հետագայում դարձավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիմնական կորիզը՝ հաշվի առնելով նրա հագեցվածությունը սարքավորումներով և մասնագիտական ներուժը: Բժշկական կենտրոնի խնդիրն է՝ բավարարել բնակչության առողջապահական կարիքները, բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում լինել առաջատար` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետներ պատրաստելու գործին: Բացի այդ, նպատակ է դրված մեծացնելու բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` արհեստավարժ և պարտաճանաչ ձևով մատուցելով արդյունավետ բուժօգնություն: Այսօր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիվանդանոցն առաջարկում է լայնածավալ բժշկական ծառայություններ, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար (մանկական վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն, քիթ-կոկորդ-ականջ, մանկական կրծքային դիմածնոտային, պլաստիկ վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, էնդոսկոպիկ վիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, մանկաբուժական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ներառյալ նորածինների հիվանդությունների բժշկական օգնություն): Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորություններն ընդգրկում են կլինիկական, կենսաքիմիական, իմունաքիմիական, բակտերոլոգիական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիայի և էնդոսկոպիկ հետազոտությունները: Բաժանմունքները հիմնականում լիովին վերանորոգված են, հարմարավետ՝ հիվանդների համար: Այստեղ են տեղակայված Հայաստանում միակ մանկական նյարդավիրաբուժությունը, մանկական կրծքային վիրաբուժությունը և հանրապետական մանկական գաստրոէնտերոլոգիական կենտրոնը: Նորածինների կրծքավանդակի և որովայնի խոռոչի բնածին արատների վերացումը հիվանդանոցի ձեռքբերումներից մեկն է: Փրկելով բազմաթիվ երեխաների կյանք՝ այդ վիրահատությունները Հայաստանում բացառապես կատարվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Հայաստանում առաջին անգամ այստեղ է կատարվել նաև երեխաների կերակրափողի հաջողված վիրաբուժական պլաստիկան, ինչպես նաև` սիամական զույգերի առանձնացումը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կլինիկական հենքն է: Այստեղ են տեղակայված ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության, թիվ 2 մանկաբուժության, նյարդաբանության, նյարդավիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, ռադիոլոգիայի, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Հայաստանի բժշկական բոլոր հաստատությունների, ինչպես նաև արտերկրյա հաստատությունների և մասնագետների հետ, այդ թվում՝ Մյունստեռի համալսարանական կլինիկայի (Գերմանիա), Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ), Մարսելի բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման հետ, միջազգային մանկական փոխպատվաստման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ում մասնագետներ են վերապատվաստվել լյարդի փոխպատվաստման ծրագրով:

Աշխատաժամանակը՝ Շուրջօրյա

Կարծիքներ

Կարծիք գրառել