Տաթևի վանք
Տաթևի վանք, միջնադարյան վանական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Սիսիան քաղաքից 35 կմ հարավ, Տաթև գյուղի մոտ։
Հիմնադրվել է IV դ., գլխավոր եկեղեցին՝ 906 թ.։ Տաթևի վանքը (Ս. Եվստաթեոս առաքյալի ուխտ) եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ծղուկք գավառում (այժմ՝ Սյունիքի մարզի Տաթև գյուղում)։ Հիմնադրվել է IV դ., V-VIII դդ. եղել է դպրության առաջնակարգ կենտրոն, VIIIդ. վերջից՝ Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստը։ Կառուցապատվել է աստիճանաբար, հիմնականում՝ IX դ. վերջին – Xդ. սկզբին և XVII-XVIIIդդ.։ Տաթևի եպիսկոպոսությունն ունեցել է 47 սեփական գյուղ, 677 գյուղից ստացել տասանորդ։ Տնտեսապես հզորանալով, Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ։ Ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների, Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան։ 958 թ.-ին եպիսկոպոս ընտրված Վահանին (հետագայում՝ Հայոց կաթողիկոս Վահան Ա Սյունեցի) հաջողվել է մասամբ վերականգնել Տաթևի եպիսկոպոսության իրավունքները և կալվածները։ XI դ. 1-ին կեսին Տաթևում եղել են մոտ 1000 միաբան, մեծ թվով արհեստավորներ (աշխատել են վանքի գործարանում)։ 1044թ.-ին հարևան ամիրայությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք, սակայն, շուտով վերականգնվել են։ 1087 թ.-ին համալիրի հարավ-արևմտյան կողմում կառուցվել է Ս.Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին։ XII դ. սելջուկյան թուրքերի արշավանքների և 1136 թ.-ի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների։
Կարծիքներ