Երևանի պետական համալսարան
1919 թ-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ:
Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ:
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երեւանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով, 1920 թ․ դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երեւանի ժողովրդական համալսարան: Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր է ընտրվում հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սեւ տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ` Հասարակագիտական եւ Բնագիտական: Իսկ արդեն 1921 թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ` Բնագիտական, Արեւելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական եւ Խորհրդային շինարարության: Այնուհետեւ Բնագիտական ֆակուլտետը վերաձեւավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թ-ի մարտին բացվեց նաեւ Բժշկական ֆակուլտետը:
Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած եւ մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:
1933-34 ուսումնական տարում համալսարանում գործում էին Տնտեսագիտական, Բնապատմական, Պատմալեզվագրական, Ֆիզիկամաթեմատիկական եւ Մանկավարժական ֆակուլտետները: 1934 թ-ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, եւ նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմ` Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում Բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` Կենսաբանական եւ Քիմիական ֆակուլտետների:
Այսպիսով, 1935-1936 ուստարվանից համալսարանում ձեւավորվում եւ սկսում են գործել ութ ֆակուլտետներ` Պատմության, Բանասիրական, Իրավաբանական, Երկրաբանա-աշխարհագրական, Քիմիական, Ֆիզիկամաթեմատիկական, Կենսաբանական: 1945 թ-ին բացվում եւ մինչեւ 1953 թ-ը գործում է նաեւ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1957 թ-ին Պետական համալսարանին` որպես առանձին ֆակուլտետ, միանում է Ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը, որը 1961թ-ին կրկին առանձնանում է:
1959 թ-ին Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում եւ ինքնուրույն միավոր է դառնում Ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թ-ին առանձնանում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
1991 թվականին Երեւանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:
Հատկապես 1960-1990-ական թվականները Համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաեւ անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ եւ այլն:
1995-1996 ուսումնական տարին Երեւանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր եւ որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք բուհեր անցան երկաստիճան կրթական համակարգին:
Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է շուրջ 90 հազար շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 22 ֆակուլտետներում մասնագիտանում են մոտ 13 հազար սովորողներ: Բուհի ավելի քան 1200 դասախոսներից 200-ը գիտությունների դոկտորներ են, 500-ից ավելին` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ ավելի քան երեք տասնյակ ակադեմիկոսներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար եւ կիրառական կարեւորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով եւ սարքավորումներով:
Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներն են`
1. Պատմության ֆակուլտետ
2. Հայ բանասիրության ֆակուլտետ
3. Քիմիայի ֆակուլտետ
4. Ֆիզիկայի ֆակուլտետ
5. Տնտեսագիտության ֆակուլտետ
6. Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ
7. Կենսաբանության ֆակուլտետ
8. Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ
9. Իրավագիտության ֆակուլտետ
10. Ռուս բանասիրության ֆակուլտետ
11. Արեւելագիտության ֆակուլտետ
12. Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
13. Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ
14. Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
15. Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ
16. Սոցիոլոգիայի ֆակուլտետ
17. Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ
18. Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
19. Աստվածաբանության ֆակուլտետ
20. Արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստման ֆակուլտետ:
Ուսանողների եւ դասախոսների հանգիստն ապահովելու համար Երեւանի պետական համալսարանն ուսումնաարտադրական բազաներ ունի Դիլիջանում, Ծաղկաձորում, Հանքավանում եւ Բյուրականում:
Դրանք նախ եւ առաջ ուսումնական պրոցեսին օժանդակ հարմարություններ են, ապա միայն արտադրական պրակտիկայի ապահովման միջոց:
Ծաղկաձորի բազան վերանորոգվել է վերջերս, ապահովված է հանգիստը պատշաճ անցկացնելու բոլոր միջոցներով: Ի տարբերություն մյուս բազաների` Ծաղկաձորի հանգստյան տունը գործում է տարին բոլոր` ընդունելով ուսանողներին եւ դասախոսներին նաեւ ձմռան ամիսներին:
Դիլիջանի մարզաառողջարանային բազան բաղկացած էր մի քանի փայտաշեն տնակներից: Շուտով կսկսվի վերականգնողական ծրագիրը, որի արդյունքում 2 տարի հետո կունենանք ողջ տարին գործող հանգստյան գոտի` բոլոր հարմարություններով: Հանգստի համար վճարվող գումարի չափը մեծ փոփոխություններ չի կրելու, քանի որ համալսարանն անում է ամեն ինչ` ուսանողների եւ դասախոսների հանգիստը շուկայականից էապես ցածր գնացուցակով կազմակերպելու համար:
Հանքավանի եւ Բյուրականի ուսումնաարտադրական բազաները բարվոք վիճակում են: Հանքավանի բազան ունի քարաշեն մեկ շենք եւ փայտե մի քանի տնակներ: Ի տարբերություն վերջիններիս` քարի շենքը բավական լավ պայմաններ է ապահովում, քանի որ վերջերս այնտեղ վերականգնողական ինչ-ինչ աշխատանքներ տարվել են: Հանքավանի եւ Բյուրականի բազաները կարող են սպասարկել միայն ամռան ամիսներին, բայց մատչելի ու հարմար գնային պայմաններով:
Աշխատաժամանակը՝ | երկուշաբթիից-շաբաթ` 09.00 - 18.00 |
Կարծիքներ